գլխավոր Իրադարձային Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր է դարձել ԱՄՆ ևս մեկ նահանգում

Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր է դարձել ԱՄՆ ևս մեկ նահանգում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: 2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Օրենքը նախատեսում է հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով – ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված, ինչպես նաև Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով։
 
Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը:

«ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի  կրթական հաստատություններին»,-ասված է թանգարանի հաղորդագրությունում: