գլխավոր Իրադարձային Կվերացնեն երկրաշարժի հետքերը. Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետին

Կվերացնեն երկրաշարժի հետքերը. Փաշինյանն ընդունել է Գյումրու քաղաքապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին և փոխքաղաքապետներ Արթուր Պապիկյանին ու Դավիթ Առուշանյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Վերջին տարիներին Գյումրիում տեղի ունեցած փոփոխությունները սկսել են նկատվել, և կառավարության համար սա շատ կարևոր խնդիր է: Հույս ունեմ, որ այս մոդելը, որը հիմա Գյումրիում փորձարկվում է, ի վերջո ցույց կտա իր արդյունավետությունը, որովհետև կարևոր է ցույց տալ, որ ընտրությունները ընտրություններ, սակայն ընտրություններից հետո ձևավորում ենք ընդհանուր օրակարգ՝ հիմնված մեր նախընտրական ծրագրերի վրա և կենտրոնանում այդ օրակարգի իրագործման վրա ու իրագործում: Դրանից, իհարկե, միայն Գյումրիի մեր հայրենակիցները, Շիրակի մարզը կօգտվեն և ընդհանրապես ՀՀ–ն։ Կարող եք արձանագրել, որ ունեք կառավարության աջակցությունը և այնտեղ, որտեղ բանը կհասնի կառավարության աջակցությանը, իհարկե, մենք ամեն ջանք կգործադրենք՝ ի վերջո Գյումրիի աղետալի երկրաշարժի հետքերը վերացնելու համար»,– ասել է Փաշինյանը։

Գյումրու նորընտիր քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի օր առաջ Գյումրու հետ կապված խնդիրները լուծվեն:

«Ունենք բազմաթիվ ծրագրեր ՎԶԵԲ-ի, սուբվենցիայի, նաև գործարանների հետ կապված: Մենք համապատասխան հողատարածքներ, ինչու չէ շինություններ կարող ենք հատկացնել, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,- ասել է Վարդգես Սամսոնյանը։

Քաղաքապետը հավելել է, որ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում լուսավորության համար նախատեսված է 6 մլն դոլար: Այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկել են այդ միջոցները Գյումրու 58-րդ թաղամասի ընդհանուր բարեկարգմանը, ասֆալտապատմանը և լուսավորությանն ուղղորդելու հնարավորությունը:

«Նաև սուբվենցիոն ծրագրերից ազատ միջոցներ կան, որոնք կրկին փորձելու ենք ուղղորդել փողոցաշինության աշխատանքների վրա: ՎԶԵԲ-ի և սուբվենցիոն ծրագրերի պարագայում կունենանք բարեկարգ փողոցներ»,- ասել է քաղաքապետը:

Փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանն իր հերթին նշել է, որ Գյումրիի քաղաքապետարանում սկսելու են աշխատանքների ծրագրավորման, ավտոմատացման բարեփոխումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրիում տարբեր ոլորտներում առաջիկայում նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: