գլխավոր Իրադարձային Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը

Բեռնատարներն այլևս Լարսում չեն մնա. հայտնի է` երբ կավարտվի նոր ճանապարհի շինարարությունը

Հայաստանի ցամաքային բեռնափոխադրումների համար կարևոր նշանակություն ունեցող Լարսի նոր ճանապարհի ու թունելի շինարարությունը Վրաստանի իշխանությունները նախատեսում են ավարտել 2024 թվականին։

Այս մասին Forbes Infrastructure-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Գիորգի Ծերեթելին։

Խոսքը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաբարդ ու վտանգավոր` Կոբի-Գուդաուրի հատվածի մասին է, որը շրջանցելու նպատակով Վրաստանը կառուցում է Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ավտոճանապարհը։

Նախատեսվում է կառուցել 22,7 կիլոմետր երկարությամբ ճանապարհ` 6 կամուրջներով ու 5 թունելներով, որոնց թվում է Խաչի լեռնանցքը հատող 9 կիլոմետրանոց թունելը։ Նախագիծը համարվում է Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը։

Ճանապարհի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2022 թվականին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամկետները հետաձգվել էին։

Նախատեսվում է, որ նոր ճանապարհը կլուծի Վերին Լարսի անցակետի հետ կապված լոգիստիկ խնդիրները և կապահովի անխափան տրանսպորտային կապ ՌԴ–ի հետ: