գլխավոր Իրադարձային Դատախազությունը դիմել է դատարան նախկին նախարարի ապօրինի գույքը բռնագանձելու պահանջով

Դատախազությունը դիմել է դատարան նախկին նախարարի ապօրինի գույքը բռնագանձելու պահանջով

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ու նրա հետ փոխկապակցված 2 անձանց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու պահանջով։Ինչպես հայտնում են դատախազությունից, պահանջում մասնավորապես հիշատակվում են.

• Երևանում գտնվող 2 բնակարաններ, 1 բնակելի տուն, 1 հյուրանաոցառեստորանային համալիր, 1 ավտոտնակ, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասեր, որոնց միջին շուկայական արժեքն ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ է,

• 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,

• բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդ, 4․391․805․299 ՀՀ դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում:

Հիշեցնենք` հունվարի 13-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ ավարտվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործը։

Գործի նախաքննությամբ բացահայտվել էր, որ կոռուպցիոն բնույթի չարաշահումներում ներգրավված են եղել նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանն ու Վիկտոր Մարտիրոսյանը: