գլխավոր Տնտեսություն Սահմանամերձ համայնքներին կառավարության կողմից տրվող աջակցության չափը կմեծացվի

Սահմանամերձ համայնքներին կառավարության կողմից տրվող աջակցության չափը կմեծացվի

ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություններ կկատարվեն։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս ծրագրերն ավելի արդյունավետ դարձնելու արդյունքում անընդհատ փոփոխություններ են անում։

«Այս տարի մոտ 10 փոփոխություն ենք առանձնացրել՝ նպատակ ունենալով ավելի բարելավել ծրագրերը։ Նախորդ տարիներին սահմանամերձ համայնքները և բարձր լեռնային համայնքները նույն տողում էին, իսկ հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել, և կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել»,-նշեց Գնել Սանոսյանը։

Նախարարի խոսքով մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին։ Համայնքներում մանկապարտեզների կառուցման հարցում նախատեսում են մեծացնել կառավարության աջակցությունը։

«Տոկոսադրույքները հստակ փոխվել են։ Նվազագույն շեմը սահմանվել է 70 տոկոս՝ անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորությունից։ Սահմանամերձ ու բարձր լեռնային համայնքներում կառավարության մասնակցությունն այս հարցում մինչև 80 տոկոս կլինի»,-ասաց Գնել Սանոսյանը։

Վերջինս հավելեց, որ ունեն նոր ուղղություն, որը վերաբերում է հեռագնա արոտներ գնացող ճանապարհների բարելավմանը։ Նախարարը նկատեց՝ հաշվի առնելով, որ գյուղական մի շարք բնակավայրերում բացակայում է գերարագ ինտերնետը, ցանկանում են ներդնել օպտիկամանրաթելային ցանցի կապուղու կառուցման ուղղություն։

«Եվս մի նոր ուղղություն ունենք, որը վերաբերում է ապաստարանների կառուցմանը կամ վերանորոգմանը։ Համայնքներին հնարավորություն տանք, որ կառավարության աջակցությամբ կարողանան այդ ծրագրերն անեն։ Բացի այդ հաշվի ենք առել այն ծրագրերը, որոնց համայնքներն ամենաշատն են դիմում և դրանցում կառավարության աջակցության չափը մեծացնում ենք։ Մասնավորապես դրանք խմելու և ոռոգման համակարգերի ծրագրերն են, որտեղ տոկոսադրույքներն ավելացրել ենք»,-ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարը նաև նշեց, որ և՛ նախարարությունը, և՛ տեսչական մարմիններն աշխատանքները ստուգելու ընթացակարգ ունեն, բայց դրանց ավելացել է ևս մեկ կետ։ Ծրագրի ավարտից մեկ տարի հետո բոլոր նախագծերը պետք է մշտադիտարկման ենթարկվեն և եթե հայտնաբերվեն թերություններ, ապա համապատասխան որոշումներ կկայացվեն կամ պատժիչ միջոցներ կկիրառվեն։

«Հաշվի առնելով, որ սրանք նպատակային սուբվենցիաներ են, օրենքում ունենք կարգավորումներ ընդհուպ գումարի հետգանձում, եթե ծրագիրը նպատակին չի ծառայել»,-ասաց նախարարը։