գլխավոր Տնտեսություն Երևանի ավագանին հաստատեց 2022 թվականի բյուջեի նախագիծը, Արման Անտոնյանը այն համարեց «անթասիբ»...

Երևանի ավագանին հաստատեց 2022 թվականի բյուջեի նախագիծը, Արման Անտոնյանը այն համարեց «անթասիբ» նախագիծ

Այսօր Երևանի ավագանին արտահերթ նիստով 36 կողմ ձայնով հաստատեց Երևանի 2022 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ այդմ՝ հաստատվեց Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեն՝ եկամուտների գծով՝ 94,560,201.2 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 98,821,222.9 հազ. դրամ,  դեֆիցիտը (պակասուրդը) 4,261,021.7 հազ. դրամ։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, իր գնահատականը տալով բյուջեի նախագծին, ասաց՝ այն համարում է «անթասիբ» բյուջե։ Նա նշեց, որ իր բազմաթիվ առաջարկներ տեղ չեն գտել բյուջեի նախագծում։

«Արդյոք այս բյուջեի նախագիծը որևէ կապ ունի պատերազմում պարտված և պատերազմող պետության մայրաքաղաքի հետ, ես կասեմ՝ ոչ։ 2022 թվականի բյուջեում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, ճիշտ հակառակը՝ ունեցանք անթասիբ և բազմաթիվ կետերով չհիմնավորված բյուջե»,-ասաց նա և ափսոսանք հայտնեց դրա համար։ Նա հույս հայտնեց, որ կլրացվեն բարձրացված խնդիրները։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չհամաձայնեց հնչած գնահատականի հետ և նշեց, որ քաղաքապետարանի աշխատանքը նման գնահատականի արժանի չէր։

«Մի հատ պլանը չհաստատելու համար չի ստացվում որ անթասիբ բյուջե է, կարծում եմ, որ ճիշտ որակավորում չէ»,-ասաց նա։

Ավագանու այլ անդամների ևս դուր չեկավ Անտոնյանի՝ «անթասիբ» որակումը։

Արման Անտոնյանն ասաց՝ բոլորը գիտեն, թե ինչի մասին է խոսքը։ «Եվ գիտեք ինչի արդյունքում օգոստոսի մեկին տեղի ունեցավ Երևանի ավագանու անդամի նկատմամբ մահափորձ, և դրանից առաջ էլ և հետո էլ մենք որևէ դաս չենք քաղել՝ ի դեմս ձեզ»,-ասաց նա։