գլխավոր Իրադարձային Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր, Գերմանիայի ներկայացուցիչ Մարտին Սոննենբորնը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը, կոչ անելով մյուսներին` հետևել իր օրինակին: Այս մասին պատգամավորն ասել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կասետային ռումբեր են կիրառում։ Դա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք կոտորում են հայերին` անկախ տարիքից կամ առողջական վիճակից։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով: Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- ասել է Սոննենբորնը:

Պատգամավորը հավելել է, որ իր ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս Թուրքիային գործընկեր է համարում, քանի որ այդ պետությունն ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով՝ Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում: