գլխավոր Քաղաքականություն Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին

Սոցփաթեթի գումարները հնարավոր կլինի ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հնարավորություն է տրվում շահառուներին սոցփաթեթի իրենց գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացումն ապահովվող ծրագրերի իրականացմանը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Ներկայում ծախսման հնարավոր 4 ուղղություններ են սահմանված օրենքով, դրանցից դուրս այլ ուղղություններով այդ գումարները չեն կարող օգտագործվել: Սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող մի շարք քաղաքացիներ, սակայն, ցանկություն են հայտնել մասնակցել Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության արդյունքում պետական կարիքների ֆինանսավորման համար իրականացվող դրամահավաքներին: Նախագծով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռվում սոցփաթեթի գումարներն ուղղել այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովվող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը:

Հնարավոր չարաշահումներից խուսափելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց հնարավորություն կտրվի փոխանցումներ կատարել: Արդեն մշակվել է տվյալ որոշման նախագիծը, որով սահմանվել է, որ տվյալ հիմնադրամն այս պահի դրությամբ լինելու է Հայաստան համահայկական հիմնադրամը:

Նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 89 ձայն: