գլխավոր Գլխավոր «Վարձկանները զղջում են, որ իրենց կամքից անկախ կատաղի մարտերի մասնակից են դարձել»....

«Վարձկանները զղջում են, որ իրենց կամքից անկախ կատաղի մարտերի մասնակից են դարձել». Foreign Policy

Սիրիայից Թուքիայի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխված վարձկան զինյալները զղջում են, որ «իրենց կամքից անկախ» կատաղի այս մարտերի մասնակիցներ են դարձել. բախումների միայն առաջին օրերին մահացել է արդեն 50 վարձկան, որոնց դիերն արդեն հայրենիք են տեղափոխվել, գրում է foreignpolicy.com կայքը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ բոլոր այս զինյալները Թուրքիայի հրամանով նախկինում Սիրիայում, այնուհետև Լիբիայում մարտի նետված ռազմական խմբավորումների մաս են կազմում: 

Սիրիայից վարձկաններից մեկի հոր խոսքով՝ մոտ 10 տարի Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմից հետո «ոչ ոք չի ցանկանում պատերազմով գումար աշխատել», սակայն երկրի ներսում բռնի վերաբնակեցումը, ինչպես նաև երկարատև բախումներին անխուսափելիորեն ուղեկցող տնտեսական դժվարությունները շատ այլ երիտասարդների այլ տարբերակ չեն թողել: 

Սիրիական Ազգային բանակի (Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր ռազմական խմբավորումներ) տվյալներով՝ 1500 զինյալ արդեն տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: 

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրումից անմիջապես հետո Թուրքիան փորձել է մոբիլիզացնել Սիրիայի ազգային բանակը, որը երբեմն անվանում են նաև Թուրքիայի վստահված բանակ: Սիրիայի ազգային բանակից հայտնել են, որ զինյալներից շատերը նախքան ԼՂ հակամարտության գոտի մեկնելը ընդամենը հինգ օր են պատրաստություն անցել, ոմանց մարզումներն էլ 2 շաբաթից միչև մեկ ամիս են տևել: 

Նշվում է, որ առաջին զինյալները սեպտեմբերի վերջին տեղափոխվել են հարավային Թուրքիա, որից հետո նրանց Գազիանթեփից (պատմական Այնթապ) հասցրել են Անկարա, իսկ սեպտեմբերի 25-ին՝ Ադրբեջան: Աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի ազգային բանակի զինյալ հրամանատարներն ավելի վաղ են տեղ հասել, որպեսզի ուսումնասիրեն տեղանքն ու ադրբեջանական ուժերի հետ բաշխումը համակարգեն: 

Հայտնի է, որ զինյալներին 1500 լիրայի դիմաց առաջարկվել է 4 ամսով պայմանագիր կնքել, սակայն մահվան դեպքում նրանց ընտանիքներին 60 000 լիրայի փոխհատուցում է հասնում: Աղբյուրը նշում է, որ այժմ վարձկանների մեծ մասը զղջում է Ադրբեջան մեկնելու համար, վերջիններս վրդովված են ստեղծված իրավիճակով, քանի որ նրանց ի սկզբանե հայտնել են, թե հիմնական գործը պահակակետերում մնալն է լինելու, այն դեպքում, որ այժմ նրանք ամենակատաղի մարտերին են մասնկացում: Վարձկանների խոսքով՝ 30-30 հոգով քնում են վրաններում, ադրբեջանական ուժերի հետ որևէ կապ ու համակարգվածություն չկա:

«Թուրքական կառավարությանը մեղադրում ենք մեր երիտասարդների՝ գումար վաստակելու ցանկություններից են օգտվելու համար»- նշել է սպանված վարձկաններից մեկի մայրը, որը, սակայն, ցանկացել է անանուն մնալ, որպեսզի թուրքական կառավարությունից ստանա ընտանիքին հասանելիք 60 000 լիրան:

«Մեր երիտասարդությունն այլ երկրների շահերի իրականացման համար գործիք է դարձել»,- նշել է Սիրիայից մի վարձկանի հայրը՝ Ռիադ Կազմուզը, որն այժմ Լիբիայում է կռվում:

«Տխրություն և հուսահատություն ենք զգում իրադարձությունների զարգացման այս ընթացքի համար, քանի որ մեր երեխաներն այժմ ստիպված են մեզ հետ կապ չունեցող մարտերում զոհվել»,- հավելել է նա: