գլխավոր Քաղաքականություն Միլանում հայ համայնքն Արցախի անկախության ճանաչման պահանջով ցույց է անցկացրել

Միլանում հայ համայնքն Արցախի անկախության ճանաչման պահանջով ցույց է անցկացրել

Հոկտեմբերի 6-ին Միլանի քաղաքապետարանի դիմաց՝ Լա Սկալայի հրապարակում, տեղի է ունեցել խաղաղ ցույց ընդդեմ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչները։

Ցույցի ընթացքում հնչել են կոչեր ի նպաստ Արցախի անկախության միջազգային ճանաչման։ Միլանի և Իտալիայի այլ քաղաքներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքին աջակցող իտալացիները արտահայտել են իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանում և Արցախում գտնվող քաղաքացիներին։

«Իտալիայի հայերի միության» նախագահ Պայքար Սվազլեանը հայտարարել է, որ միության կողմից Իտալիայի նախագահին, վարչապետին, ինչպես նաև արտգործնախարարությանը կոչ է արվել ավելի հստակեցնել իրենց հայտարարություններն Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցուցաբերած ագրեսիայի վերաբերյալ։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Միլանի մասնաճյուղի ատենապետուհի Գայանէ Խոդավերդին էլ շեշտել է, որ ցույցի բուն նպատակներից մեկը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է։

Լրագրող Ալեսսանդրո Լիտտա Մոդիլիանին, որը Իտալիայի «+ Եվրոպա» կուսակցության անդամ է, խոսել է Բաքվի և Սումգայիթի ջարդերի մասին, ինչպես նաև Արցախի ժողովրդի անկախ և ազատ երկրում ապրելու իրավունքի մասին։ Խաղաղ ցույցից օրեր առաջ հայ համայնքը իրականացրել էր նաև դրամահավաք «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու նպատակով։