գլխավոր Քաղաքականություն Գարեգին Երկրորդն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է վիրավորներին

Գարեգին Երկրորդն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեսակցել է վիրավորներին

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 6-ի երեկոյան այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ իր աղոթքն ու օրհնությունը բերելու կենտրոնում բուժվող զինվորներին, որոնց թվում նաև վիրավորում ստացած ավագ գնդերեց Հրայր սարկավագ Լալայանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նշվում է, որ Նորին Սրբությունը զրուցել է յուրաքանչյուր զինվորի հետ և փոխանցել շուտափույթ ապաքինման իր մաղթանքները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: