
Ամերիկյան The American Conservative պարբերականը հոդված է հրապարակել «Հայերը ևս մեկ անգամ կանգնած են էթնիկ զտումների վտանգի առաջ» խորագրով՝ ներկայացնելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ:
«Անմիջական աջակցություն ստանալով Թուրքիայից՝ Ադրբեջանն անխտիր ռմբակոծում է բնակավայրերը տարածաշրջանով մեկ: Այս հարձակումներով Ադրբեջանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վտանգում են Արցախի, Հայաստանի գոյությունը»,- ասվում է հոդվածում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ թուրքական կառավարությունն ու մամուլը, այնուամենայնիվ, Հայաստանը ներկայացնում են որպես ագրեսոր, իսկ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին:
«Հակառակ Էրդողանի և Ալիևի պնդումների՝ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը հազարամյակներ շարունակ եղել է հայկական մշակույթի և պատմության մի մասը: Թուրքերը բնիկ ժողովուրդ չեն ո՛չ Թուրքիայի, ո՛չ հարավային Կովկասի համար: Դա վերաբերում է նաև ադրբեջանցիներին»,- նշվում է հոդվածում: