գլխավոր Քաղաքականություն ԱԳ նախարարը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ԱԳ նախարարը Սլովակիայի գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ նախարար Մնացականյանն իր սլովակ գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը։

ԱԳ նախարարը, անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցությանը, ընդգծել է, որ վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին պատերազմական գործողություններում ներգրավելը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը։