գլխավոր Քաղաքականություն Պեսկով․ Ռուսաստանի ջանքերն այժմ կենտրոնացած են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման համար շփումների վրա

Պեսկով․ Ռուսաստանի ջանքերն այժմ կենտրոնացած են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման համար շփումների վրա

Ռուսաստանի ջանքերն այժմ կենտրոնացած են ԼՂ-ում իրավիճակի կարգավորման համար շփումների վրա, եւ առավել ակտիվ քայլեր դժվար է պատկերացնել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Առավել ակտիվ քայլեր այժմ դժվար է պատկերացնել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանն առավել ակտիվ քայլեր կձեռնարկի իրավիճակը կարգավորելու համար:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է օգնել հակամարտող կողմերին դադարեցնել կրակն ու սկսել կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացը:

«Զեկուցվել է բոլոր դիմումների մասին, եւ հասկանալի է նման դիմումների էմոցիոնալ ֆոնը: Դեռ լարվածությունը շարունակվում է, շարունակում են մարդիկ զոհվել, ինչը բացարձակ անընդունելի է: Դուք գիտեք, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան, հայտարարություն արեցին նաեւ ԱԳՆ ղեկավարները»,-նշել է Պեսկովը:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը նախկինի պես մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ եւ կարծում է, որ կողմերը պարտավոր են դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ: