գլխավոր Իրադարձային Մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա դուստրը

Մորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա դուստրը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս 36-ամյա դուստրը: Այս մասին մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի բաժնում քննություն է տարվում՝ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և 89-ամյա կնոջ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ 2021թ. դեկտեմբերի 3-ին՝ ժամը 05:30-ին՝ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ստացված ահազանգից անմիջապես հետո, դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչներից բաղկացած խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ:

Փրկարարների կողմից հրդեհը մարելուց հետո տվյալ բնակարանում հայտնաբերվել է նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:

Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև վերջինիս 36-ամյա դուստրը և 5-ամյա թոռնուհին, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս 36-ամյա դուստրը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ: