գլխավոր Իրադարձային Դժվար է մեկնաբանել այն, ինչ չկա. ՌԴ ԱԳՆ–ն` Ալեն Սիմոնյանի հիշատակած «Լավրովի...

Դժվար է մեկնաբանել այն, ինչ չկա. ՌԴ ԱԳՆ–ն` Ալեն Սիմոնյանի հիշատակած «Լավրովի պլանի» մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ «Լավրովի պլանը» գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ալեն Սիմոնյանը խոսել էր «Լավրովի պլանի» մասին և «Ղարաբաղի հանձնումը» կապել Ռուսաստանի հետ։

«Հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության կարծիքին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել», – լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Պաշտոնական Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ նման պլան չկա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարգավորման այդ տարբերակն առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից։ Համանախագահներից ոչ մեկը բանակցային գործընթացի ընթացքում կարգավորման որևէ գաղափար առաջ չի քաշել՝ առանց մյուսների հետ համաձայնեցնելու։

«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը», – նշել են նախարարությունում։

Գերատեսչությունում հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր։

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ կարգավորման ծրագրի վերջին խմբագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել 2019 թվականի հունիսին:

195Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ–ում, առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդում՝ երկու՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ:

«Պլանի մյուս տարրերն էին` ԼՂ-ի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին»,- հիշեցրել են նախարարությունում:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա, ըստ ՌԴ ԱԳՆ–ի, մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը` կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում։

«Ընդ որում` քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ կողմերը պետք է հարգանքով ընդունեին ցանկացած արդյունք», – ասել են ԱԳՆ-ում։

Ըստ գերատեսչության` թեև այդ առաջարկները լիարժեքորեն չեն համաձայնեցվել, բայց նաև չեն մերժվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։

«Փաստերը խոսուն են. խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի Դաշնության մեղքով», – նկատել են նախարարությունում:

Գերատեսչությունում հորդորել են ևս մեկ անգամ համեմատել համանախագահների հիշատակած առաջարկությունները ներկա իրավիճակի հետ և հետևություններ անել։

«Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, անգամ եթե համաձայն չէ դրան։ Դա առավել քան ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին Հայաստանն է», – նշել են նախարարությունում։

ԱԳՆ–ում հավելել են, որ ցանկացած հասարակության մեջ տեսակետներն ու գնահատականները տարբեր են, իսկ մեդիատիրույթում երբեմն շրջանառվում են կանխակալ դատողություններ, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների հետևանք են։

«Խոր ափսոսանք է առաջացնում այն, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանի կողմից իրեն չպատկանող Լեռնային Ղարաբաղը «հանձնելու» վերաբերյալ անհեթեթ «մտքերը», այլ, ըստ էության, համերաշխություն են հայտնում նման անհիմն դատողություններին», – նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, ներառյալ 44-օրյա պատերազմի դադարեցմանը նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումն ամեն ինչ ասում են։

ԱԳՆ–ում եզրափակել են` Ռուսաստանը խիստ շահագրգռված է, որպեսզի օգնի հայերին և ադրբեջանցիներին իրենց հարաբերությունների ցավոտ էջերը շրջելու հարցում, նպաստի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովմանը։