գլխավոր Իրադարձային Միջազգային համայնքը սատարում է ընտրական գործընթացների մատչելիության բարելավմանը

Միջազգային համայնքը սատարում է ընտրական գործընթացների մատչելիության բարելավմանը

Այսօր պետական մարմինների, դիվանագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք հավաքվել էին Երևանում՝ մասնակցելու Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան և ընտրական գործընթացների մատչելիությանը նվիրված հատուկ միջոցառմանը։ Այս մասին տեղեկացանք ՄԱԶԾ Հասարակայնության հետ կապերից։

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ Հայաստանի ընտրական աջակցության ծրագրի (ՀԸԳԱ-3) օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Շվեդիայի Թագավորության, Շվեյցարիայի Համադաշնության, Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հաստատության, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից։

Միջոցառումը բացեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որին հաջորդեցին ողջույնի ելույթներ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի, Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերի, Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Նիդերլանդների դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Ջորջ Մոնսանտոյի, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Միլոշևիչի, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Աղասի Եսայանի և «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ Սուրեն Մաղաքյանի կողմից։

Միջոցառման մասնակիցները կարևորեցին ընտրական գործընթացների ներառականությունը՝ իբրև ժողովրդավարական ուղու շրջադարձային հենասյուն, և վերջինի միջոցով հասարակության բոլոր շերտերը ներկայացնող օրինակարգ իշխանությունների ընտրությունը։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է առանց խտրականության և անհիմն սահմանափակումների իրավունք և հնարավորություն ունենա քվեարկելու և ընտրվելու իրական ընտրություններում։ Այն սահմանում է նաև այդ հնարավորություններն ապահովելու պետության պարտավորությունը։

ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրական գործընթացների մատչելիությունը խթանող նոր գործիք՝ ԿԸՀ կայքում տեղադրված ինտերակտիվ քարտեզ, որում առկա է տեղամասային կենտրոնների մատչելիության մասին համապարփակ տեղեկատվություն՝ տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Ինտերակտիվ քարտեզն արտացոլում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից ընտրատեղամասերի մատչելիության գնահատման արդյունքում հավաքված տվյալները, որն իրականացվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության միջոցով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի շրջանակում։ Ինտերակտիվ քարտեզը մշակվել է ՀԸԳԱ-3 ծրագրի և  Ընտրական համակարգերի միջազգային հաստատության աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք՝ որպես միջոցառման անմիջական շահառուներ, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեցան որպես տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող ընտրողներ փորձարկել ընտրատեղամասի մատչելիությունը։

Հաշմանդամություն ունեցող անձինք մեծապես գնահատեցին նման միջոցառումների կարևորությունն ընտրությունների մատչելիության մեծացման համար և հույս հայտնեցին, որ այս միջոցառումն էականորեն կնպաստի ընտրական իրավունքների իրացման ժամանակ իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին իրազեկման բարձրացմանը։