գլխավոր Իրադարձային Հանրային սննդի օբյեկտներում սննդային թունավորումները փոխկապակցված չեն եղել. Հումքի մեջ հարուցիչներ չեն...

Հանրային սննդի օբյեկտներում սննդային թունավորումները փոխկապակցված չեն եղել. Հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել

Հանրային սննդի տարբեր օբյեկտներում վերջին շրջանում գրանցված սննդային թունավորումներն իրար հետ փոխկապակցված չեն։ Հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել, ինչը նշանակում է՝ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները և առկա է եղել մարդկային գործոն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ սննդային տարբեր վայրերում գրանցված թունավորումներից ոչ մեկն իրար հետ կապ չեն ունեցել։ Նրանց մատակարարները տարբեր են եղել և բոլոր մատակարարների մոտ անխտիր ստուգվել է հումքը։

«Բոլորի մոտ հումքում հարուցիչներ չեն եղել, սալմոնելայի նկատմամբ պատասխանը բացասական է եղել։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հետազոտություններով պարզել է, որ սալմոնելա եղել է աշխատողների մոտ։ Դա նշանակում է՝ նրանք էլ տեղյակ չեն եղել, որ հիվանդ են, քանի որ հիվանդության փակ շրջան գոյություն ունի»,-նշեց Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ դա կոչվում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտում։

Նրա խոսքով՝ հանրային սննդի վայրերում կարող է տարածքի մասով սանիտարահիգիենիկ պայմանները լավ լինեն, տարածքը մաքուր լինի, ամեն ինչ կանոններին համապատասխանի, բայց մարդը հիվանդ լինի, ինչն արդեն սանիտարահիգիենիկ նորմերի խախտում է նշանակում։

Անուշ Հարությունյանը հավելեց, որ «Բուրգըրի»-ում նախքան թունավորումների դեպքն են ստուգումներ իրականացվել, և որևէ խնդիր չէր հայտնաբերվել. «Ակնհայտ է, որ զուտ մարդկային գործոնն է այստեղ աշխատել»։

Ինչ վերաբերում է «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցին, Անուշ Հարությունյանը նշում է, որ այնտեղ նախատեսված է եղել ստուգումներ անցկացնել չորրորդ եռամսյակում, և, ըստ էության, համընկել թունավորման շրջանի հետ.

«Նոյեմբերի վերջին սկսվել են ստուգումները։ Բոլոր 24 մասնաճյուղերում ընթանում են ստուգումներ»,-ավելացրեց Անուշ Հարությունյանը։