գլխավոր Իրադարձային Ռուստամ Մուրադովը արձակուրդում է. Գերիների ու անհետ կորածների հարցերով ՌԴ այլ պաշտոնյաներ...

Ռուստամ Մուրադովը արձակուրդում է. Գերիների ու անհետ կորածների հարցերով ՌԴ այլ պաշտոնյաներ են բանակցություններ վարում կողմերի հետ

Նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհետ կորած զինծառայողների թիվը, ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ ՀՀ ՊՆ-ն, ի սկզբանե, հաղորդել էր 13 գերեվարվածի, 1 զոհի և 24 անհետ կորածի մասին, հետագայում պաշտոնապես հաղորդվեց 6 զոհի մասին, սակայն չհստակեցվեց՝ նրանք գերեվարված էին համարվում, թե անհետ կորած։ 

Գնդապետ, գերիների վերադարձի հարցերով զբաղվող Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ին հայտել է, որ Բաքվում գտնվել է 13 գերեվարված զինծառայող։ Նրանցից մեկը վիրավոր էր ու բժշկական օգնություն ստանալուց՝ վիրահատվելուց, հետո նոյեմբերի 26-ին վերադարձել է հայրենիք։

«Գործընթացը կանգնած չէ, գնում են բանակցություններ։ Ռուստամ Մուրադովը մինչև դեկտեմբերի 5-ը գտնվում է արձակուրդում, այս ընթացքում բանակցություններ չի վարում։ Կողմերի հետ բանակցում է Ռուսաստանի Դաշնությունը։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վարում են բանակցություններ՝ պարզելու գերեվարվածների թիվը, պարզելու ո՞վ է անհետ կորած, ո՞վ է գերեվարված և համապատասխանաբար վարեն բանակցություններ նրանց վերադարձի մասին»,- ասել է Բ.Ավագյանը՝ նշելով, որ հայկական կողմից բանակցություններում ներգրավված է ԱԱԾ-ն։ Կառույցի ղեկավարը ռուս գործընկերների հետ քննարկում է տեղի ունեցող գործընթացները։

Առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չճշտված տվյալներով ավելի մեծ թվով զինվորներ են գերեվարվել են։

«Մենք ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված, բայց այս տվյալները վերջնական ճշգրտման անհրաժեշտություն ունեն»,- ասել էր Փաշինյանը։ Իսկ Ավագյանը պնդում է՝ այսօր Բաքվում գտնվող գերիների թիվը 12-ն է։

«Նիկոլ Փաշինյանն ունի հոգեկան խնդիրներ։ Ո՞նց կարելի է հղում անել նրա բառերին։ Փաշինյանը երեք տարի է ինչ ուզում խոսում է, ասում է՝ Արցախը մերն է, հետո ասում է Շուշին ադրբեջանական է։ Ո՞նց կարելի է նրա վրա հղում անել»։

Դիտարկմանը, որ շատ հարազատներ ադրբեջանական տեսանյութերով տեսել են իրենց զինծառայողներին, սակայն նրանց գերատեսչություններից չեն պատասխանում, հաստատված ցուցակներում նրանց անունները չկան, հնարավոր է, որ նրանք ևս գերեվարված են, Ավագյանը նրանց հորդորեց գերիների վերաբերյալ հետևել իր հայտարարություններին։

«Այսօրվա դրությամբ կա 12 գերի, մնացածը համարվում են անհետ կորած։ Մնացած անհեթեթությունները, որ հայտարարում են Նիկոլ Փաշինյանը ու նրա մերձավորները, թիմակիցները և երկրպագուները, ինձ չեն հետաքրքրում։ Հորդորում եմ լրատվամիջոցներին՝ վերջացնել հետևել, թե ինչ է ասում հոգեկան հիվանդ մարդը։ Ինձ համար մարդը, որը գերիների մասին «ոնց որ թե»-ով, «պլյուս-մինուսով», «օդում կախված լուրերով» է խոսում, ունի հոգեկան խնդիրներ, նրա հայտարարությունները հիմք չեն կարող հանդիսանալ»։

Նոյեմբերի 26-ին հայրենիք վերադարձավ ոչ միայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված ու գերեվարված զինծառայողը, այլ 21-ամյա Միհրան Մուսայելյանը, ով նոյեմբերի 23-ին մոլորվել էր Աղդամի մոտակայքում և ձերբակալվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նրա հարազատները ևս տեղեկություն չէին կարողանում ստանալ։

«Երկրորդ վերադարձածը, որը քաղաքացիական անձ էր, նրա հարազատներն ինձ էին դիմել, տեղեկություն չէին կարողանում ստանալ։

Ստացան տեղեկությունը ինձանից, որ գերեվարված երիտասարդը վերադառնալու է։ Նրան տեղեկություն ոչ ոք չէր տալիս։ Քույրը սոցկայքով էր տեղեկություն փորձում ստանալ, որովհետև հուսահատ վիճակում էին գտնվում»։