գլխավոր COVID-19 Բրիտանացի գիտնականները հայտնել են՝ երբ հնարավոր կլինի պատկերացում կազմել «Օմիկրոն» հիմնամանրէի իրական...

Բրիտանացի գիտնականները հայտնել են՝ երբ հնարավոր կլինի պատկերացում կազմել «Օմիկրոն» հիմնամանրէի իրական վտանգի մասին

Կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» հիմնամանրէի իրական սպառնալիքի մասին պատկերացում կազմել հնարավոր կլինի միայն նոր տարում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները:

Բրիտանական գիտախմբի փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի՝ որոշելու համար, թե որքան վտանգավոր է «օմիկրոն» հիմնամանրէն, հոսպիտալացման ինչ մակարդակ կարող է առաջացնել և ինչպես է շրջանցում արդեն իսկ ձևավորված իմունիտետը:

Գիտնականների կարծիքով՝ եթե մեկ ամսից հոսպիտալացման կտրուկ աճ չնկատվի «Քովիդ-19»-ի նոր տեսակի պատճառով, կարելի կլինի ասել, որ կարելի է «հանգիստ շունչ քաշել»:

Սակայն իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում դա նկատելի կլինի շատ ավելի շուտ՝ մեկ-երկու շաբաթվա ընթացքում:  

Հիշեցնենք, որ «Օմիկրոն» հիմնամանրէն նոյեմբերի վերջին սկսել է տարածվել Աֆրիկայի հարավային շրջաններից և արդեն հայտնաբերվել է 30 երկրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն անվանել է հունական այբուբենի 15-րդ տառով: