գլխավոր Իրադարձային Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին

Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին

Hraparak.am-ը գրում է․

Նոյեմբերի 28-ին, ռուսական գլխավոր հեռուստատեսություններից մեկն համարվող «Россия-1»-ի եթերով հեռարձակվող «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին հարցազրույց է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչով էր կարեւոր Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան՝ պետությունների ղեկավարների մակարդակով անցկացրած եռակողմ հանդիպումը։

Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիեւը հերթական «դիվանագիտական ռեւերանսն» է արել Ռուսաստանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ «Ռուսաստանը չափազանց կարեւոր դերակատարություն ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում»։ Նա նշել է, որ այդ մասին վկայում է եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը կապված այն քայլերի հետ, որոնք ձեռնարկվել են տրանսպորտային ուղիների բացման, եւ սահմանների դելիմիտացիայի համար հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ուշագրավ է այն, որ նախ Ալիեւը օգտագործել է ոչ թե իր սիրած «Զանգեզուրյան միջանցք» տերմինը, այլ «տրանսպորտային ուղիներ» ընդհանուր ձեւակերպումը եւ ապա նաեւ այն, որ «Ադրբեջանը այդ հարցերը մշտապես բարձրացրել է ու Ռուսաստանը մշտապես դրանց աջակցություն է հայտնել»։ Հետաքրքրական է, որ օրինակ Հայաստանի վարչապետի հետ նման կարճ հարցազրույց հաղորդաշարի շրջանակներում չի իրականացվել եւ հավասարությունը պահպանելու համար, նույն թեմայով Հայաստանի ղեկավարի խոսքը դրվել է արդեն եռակողմ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ասած նախաբանային խոսքից։