գլխավոր Գլխավոր Սոչիի եռակողմ հայտարարությամբ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը. ԱԳՆ

Սոչիի եռակողմ հայտարարությամբ հերքվում են «միջանցքի» մասին տարածվող քարոզչական թեզերը. ԱԳՆ

Սոչիի եռակողմ հայտարարությամբ կողմերը վերահաստատում են իրենց պարտավորությունը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթների հետևողական և անվերապահ իրականացման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն՝ ի պատասխան նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հայտարարության վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:

«Սա վերաբերում է նաև Ադրբեջանի կողմից մինչ այժմ չկատարված, նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետով ամրագրված՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին և այլ կետերով չկատարված պարտավորություններին։ Նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է  հունվարի 11-ի հայտարարությամբ արձանագրված տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ու տնտեսական կապերի ապաշրջափակման դրույթը և հերթական անգամ հերքվում են «միջանցքի» կամ միջանցքային տրամաբանության մասին տարածվող քարոզչական թեզերը»,-նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Վահան Հունանյանն ընդգծել է նաև, որ ըստ հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իսկ այդ ուղղությամբ առաջնային ու առավել կարևոր քայլը պետք է լինի լարվածության նվազեցմանը միտված քայլերի իրականացումը։

«Համոզված ենք նաև, որ եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կյանքի կոչումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո»,-հավելել է Վահան Հունանյանը: