գլխավոր Միջազգային Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է 5 տարով բանտարկել նախկին վարչապետ Ֆիյոնին

Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է 5 տարով բանտարկել նախկին վարչապետ Ֆիյոնին

Ֆրանսիայի գլխավոր դատախազությունը պահանջել է երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին դատապարտել 5 տարվա ազատազրկման եւ 375 հազար եվրոյի չափով տուգանքի, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը (AFP):

Նշվում է, որ դատախազությունը պնդում է, որ 5 տարիներից մեկը Ֆիյոնը պատիժը կրի բանտում, մնացածը՝ տնային կալանքի տակ՝ էլեկտրոնային ձեռնաշղթաներով:

Նոյեմբերի 15-ին Փարիզի Վերաքննիչ դատարանում սկսվել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի գործով վերաքննիչ դատավարությունը։

2020 թվականի հունիսին Փարիզի դատարանը Ֆիյոնին մեղավոր էր ճանաչել պետական միջոցները վատնելու մեջ եւ դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որոնցից երեքը պայմանական են: Ֆիյոնը նաեւ դատապարտվել է 375 հազար եվրո տուգանքի, նրա նկատմամբ գործում է ընտրական պաշտոններ զբաղեցնելու տասնամյա արգելք: Ֆիյոնի կինը ՝ Պենելոպան, մեղավոր է ճանաչվել պետական միջոցների վատնման մեղսակցության եւ թաքցնելու մեջ։ Նա դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման եւ 375 հազար եվրո տուգանքի։

Ֆիյոնի պաշտպանները դատավճիռը անարդար են համարել, բողոք է ներկայացվել։ Վերաքննիչ գործընթացը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը։