գլխավոր Իրադարձային Սա բիզնեսին սպանելուց բացի այլ միտում չունի. Պայքարելու ենք ԱՆ-ի նախագծի դեմ....

Սա բիզնեսին սպանելուց բացի այլ միտում չունի. Պայքարելու ենք ԱՆ-ի նախագծի դեմ. Աշոտ Բարսեղյան

Առողջապահության նախարարության մշակած այդ նախագիծն անդառնալի հետևանք կարող է ունենալ ռեստորանային ոլորտի վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով ԱՆ-ի նոր նախագծին։

Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, ժամանցային և մշակութային վայրեր մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստված քաղաքացիների և ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունեցողների համար։

Աշոտ Բարսեղյանը նշում է, որ ցանկացած տնտեսական սահմանափակում, եթե չի ուղեկցվում տնտեսական օժանդակությամբ, տնտեսական և սոցիալական հարվածներ է հասցնում։

«Մենք 50 հազար մարդու աշխատատեղ ենք ապահովում։ Եթե հանկարծ սոցիալական բունտ լինի, ինչպե՞ս ենք դրա տակից դուրս գալու։ Մարդիկ ի՞նչ են անելու։ Ինչպե՞ս կարող է սա խթանել պատվաստումները։ Եթե սա չաշխատի, ի՞նչ են անելու, մարդկանց փողոցներում բռնելու են ու ստիպողաբար պատվաստե՞ն»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։

Նրա խոսքով 2019թ.-ի համեմատ, երբ ռեստորանային ոլորտի շրջանառությամբ ամենաբարձր մակարդակի վրա էին, կորցրել են իրենց շրջանառության 40 տոկոսը։ Աշոտ Բարսեղյանը նշում է, որ օր-օրի տնտեսական ճգնաժամն ահագնանում է։

«Մեր պետական պարտքը հասել է 10 մլրդ դոլարի, ՀՆԱ-ի 60 տոկոսի շեմն անցել է։ Այս պարագայում հարվածել այն ոլորտներին, որոնք սոցիալական լայն շերտերի համար զբաղվածություն են ապահովում, հավասար է հանցագործության»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։

Վերջինս գտնում է, որ QR կոդերի ներմուծումը ոչ մի կերպ չի նպաստի առողջապահական խնդրի լուծմանը։ Ավելին, Աշոտ Բարսեղյանի կարծիքով այն կվիճարկվի ՍԴ-ում, բացի այդ կանցկացվեն նաև անհնազանդության ակցիաներ, քանի որ գործարարները չեն հնազանդվի։

«Եթե նույնիսկ ես չնախաձեռնեմ ակցիաներ, տնտեսվարողներից ոչ ոք իր թշնամին չէ։ Մենք ոստիկաններ չենք, որ կանգնենք ու ստուգենք՝ մարդիկ լավն են, թե վատն են, QR կոդ ունեն, թե չունեն։ Մենք մեր բիզնեսում ոստիկաններ չենք, դա մեր գործառույթը չէ։ Պետությունը չպետք է փորձի իր ուղիղ գործառույթները բարդել բիզնեսի կամ մարդկանց վրա»,-նշեց Աշոտ Բարսեղյանը։

Նա նաև նշում է, որ հարյուր հազարավոր մարդիկ արդեն հիվանդացել են կորոնավիրուսով ու լավացել, և հարց է ուղղում առողջապահության նախարարին՝ արդյոք այդ մարդիկ նույնպե՞ս QR կոդ պետք է ստանան, թե ոչ՝ հաշվի առնելով, որ ունեն հակամարմիններ. «Ինչու՞ այդ մարդը պետք է գնա պատվաստվի, որ գնա սրճարանում սուրճ խմի։ Դա ի՞նչ տրամաբանություն է։ Սա բիզնեսին սպանելուց բացի այլ միտում չունի»,-ասաց Աշոտ Բարսեղյանը։

Վերջինս նշեց՝ ԱՆ-ն հերթով ԱՀԿ-ի հրահանգներն է իրականացնում այն դեպքում, երբ ԱՀԿ-ն տնտեսական երկու վտանգավոր նախաձեռնություն է փորձել իրականացնել ՀՀ-ում, որոնցից մեկը ձախողել է։

«Հակածխախոտային և հակաալկոհոլային նախագծերն իրար հետ տարեկան 250 մլրդ դրամի վնաս էին հասցնելու ՀՀ բյուջեին։ Հակաալկոհոլայինի դեմ, որը փորձում էր սպանել ամբողջ գինեգործությունը Հայաստանում, մենք հակազդեցինք»,-նշեց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ հիմնադիրը։