գլխավոր Իրադարձային Ջեք Դորսին լքել է Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Ջեք Դորսին լքել է Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Ամերիկյան Twitter ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Դորսին լքել է պաշտոնը։ Նրան կփոխարինի տեխնիկական տնօրեն Պարագ Ագրավալը, հայտնել են ընկերությունում։ Դորսին կմնա տնօրենների խորհրդի կազմում մինչև 2022թ. իր լիազորությունների ավարտը:

CNBC-ի աղբյուրների համաձայն՝ Դորսին և Twitter-ի տնօրենների խորհուրդը նրա հեռանալուն նախապատրաստվել են անցյալ տարվանից։ 2020 թվականի սկզբին Elliott Management ներդրումային հիմնադրամը, որը համարվում է ակտիվ ներդրող և մասնաբաժին ունի Twitter-ում, հորդորել էր Դորսիին հեռանալ Twitter-ի գործադիր տնօրենի կամ կրկին իր կողմից հիմնադրված Square ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից:

Ըստ Elliott Management-ի՝ Դորսին չի կարող միաժամանակ երկու ընկերություններին հավասար ուշադրություն դարձնել։

Ջեք Դորսին Twitter-ը հիմնադրել է 2006-ին, իսկ Square-ը՝ 2009-ին։

Նախկինում՝ 2008 թվականին, նա արդեն լքել էր Twitter-ի գործադիր տնօրենի պաշտոնը, սակայն այդ պաշտոնը կրկին ստանձնել էր 2015 թվականին։