գլխավոր Իրադարձային Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ԲԴԽ-ն...

Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց

Բարձրագույն դատական խորհուրդը՝ Գագիկ Ջհանգիրյանի նախագահությամբ՝ բավարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվեց։

Միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը՝ իր պաշտոնավարման վերջին օրը:

ԲԴԽ անդամ Չիչոյանը դեմ էր քվեարկել կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, իսկ Մակյանն ու Մխիթարյանը հատուկ կարծիք են ունեցել։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Իսկ դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը ավելի վաղ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի դստեր` Շուշան Փաշինյանի գործով ինքաբացարկի միջնորդությունը մերժելն է պատճառը, որ դատավորի նկատմամբ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ էր հարուցել։