գլխավոր Իրադարձային Կանխատեսվում է «համացանցային ապոկալիպսիս»

Կանխատեսվում է «համացանցային ապոկալիպսիս»

Արեգակի վրա հզոր պայթյունը կարող է հանգեցնել մասշտաբային խափանումների եւ առաջացնել այսպես կոչված «համացանցային ապոկալիպսիս»։ Համապատասխան նախազգուշացումը հրապարակվել է շվեդական Dagens Nyheter պարբերականում։ Նման պայթյունի ժամանակ, ըստ մասնագետների կարծիքի, առաջին հերթին կտուժեն ոչ թե խոշոր սերվերները, որոնք կարելի է պաշտպանել, այլ ստորջրյա կաբելները, որոնք էլ հանդիսանում են ինտերնետի հիմքը։

«Նման հավանականությունը հարյուր տարին մեկ է։ Սակայն վերջին հարյուր տարում նման ոչ մի փոթորիկ չի եղել, եւ դա նշանակում է, որ կարող է տեղի ունենալ արդեն մեր օրերում»,- վստահ է Կալիֆորնիայի համալսարանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Սանգիտ Աբդու Ջյոթին։

Նշենք, որ արեւապսակային զանգվածի արտանետման ժամանակ լիցքավորված մասնիկները արտանետվում են Երկիր մոլորակի ուղղությամբ։ Դրանք հասնում են մինչեւ մեր մոլորակի մագնիսական դաշտին եւ առաջանում է երկրամագնիսական փոթորիկ, որը հատկապես նկատելի է լինում Երկրի բեւեռներում՝ հյուսիսափայլի տեսքով։