գլխավոր Իրադարձային «Մենք Հայաստանի ժողովրդից ստացել ենք մանդատ՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան». Փաշինյան

«Մենք Հայաստանի ժողովրդից ստացել ենք մանդատ՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան». Փաշինյան

Սոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Փաշինյանը կայացած բանակցությունները որակել է «դրական»: Նրա խոսքով՝ բաց քննարկվել են օրակարգի գրեթե բոլոր հարցերը: Ըստ նրա շատ հարցերի շուրջ տեղի է ունեցել դիրքորոշումների հստակեցում և պարզվել է, որ որոշ հարցերի պարագայում կողմերը համակարծիք են՝ չնայած, որ մինչև հանդիպումն այնպիսի տպավորութուն է եղել, որ տարակարծիք են:

«Ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ հաղորդակցությունները»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով սահմանազատմանն ու սահմանագծմանը՝ նա նշել է, որ այդ մասին ասվում է եռակողմ հայտարարությունում:

«Դրանքում ֆիքսել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության ինչ-որ մեխանիզմներ»,- ասել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե այս հանդիպման հիման վրա հնարավոր լինի զրույցի որոշակի դինամիկա ստեղծել, ապա կարելի է կոնկրետ արդյունքներ ակնկալել: Փաշինյանն այս հարցում հայտնել է Հայաստանի, Հայաստանի կառավարության պատրաստակամությունը, որը, իր խոսքով, Հայաստանի ժողովրդից ստացել է մանդատ՝ բացելու խաղաղ զարգացման դարաշրջան երկրի, տարածաշրջանի համար: