գլխավոր Իրադարձային Ալիևը խոսել է Փաշինյանի ու Պուտինի հետ անկեղծ բանակցությունների մասին

Ալիևը խոսել է Փաշինյանի ու Պուտինի հետ անկեղծ բանակցությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ կողմերը հանգամանալից, անկեղծ զրույց են ունեցել։

«Մենք բացեիբաց քննարկել ենք մեր ծրագրերը, մեզ անհանգստացնող հարցերը։ Կարևորն այն է, որ այն որոշումները, որոնք մենք ընդունել ենք տարաձայնությունները կարգավորելու համար, կնպաստեն, որ Հարավային Կովկասի իրադրությունն անվտանգ ու կանխատեսելի լինի», – ասաց նա։Ադրբեջանի նախագահը նշեց, որ տեսնում է Հայաստանի տրամադրվածությունը իրավիճակի կայունացման և կանխատեսելիության ապահովման նախադրյալներ ստեղծելու համար:

«Ես բազմիցս ասել եմ, որ մենք ուզում ենք շրջել Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը, նորմալ գործակցության փուլ սկսել, և կարծում եմ, որ նման ձևաչափով մենք հասնում ենք մեր նպատակներին», – ասաց Ալիևը:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև վստահելի հարաբերությունների մակարդակը նպաստում է Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ հանգուցալուծում գտնելուն։

«Կարծում եմ, որ մեր հանդիպումից հետո լավ արդյունքներ կլինեն, որոնք չեն ուշանա, և տարածաշրջանում իրավիճակն ավելի անվտանգ և կանխատեսելի կլինի»,– եզրափակեց նա: