գլխավոր Իրադարձային «Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը հրապարակել է...

«Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը հրապարակել է Կառավարությանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը

«Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը հրապարակել է Կառավարությանն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը:

«Հարգելի գործընկերներ

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարություն էինք տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին և տեղեկացրել, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք  «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Ստորև ներկայացնում ենք կառավարությանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված հարցերը:

Կառավարությանը՝

1. Այն պետական մարմինների անվանումները և պաշտոնատար անձանց անունները, որոնք ներկայացրել են և/կամ հիմնավորել են նվիրաբերության կարգով նշված գումարը հիմնադրամից ներգրավելու առաջարկը (առկայության դեպքում), ինչպես նաև առաջարկը և դրա քննարկումը արձանագրող փաստաթղթերը (տեսաձայնագրություններy): Այս կետի ներքո տեղեկատվությունը պետք է պատասխանի նաև հարցին. թե ինչ՞ հիմնավորմամբ է որոշվել (առաջարկվել) հիմնադրամի միջոցներից ներգրավել նվիրատվություն (նվիրաբերություն):

2. Նվիրատվության (նվիրաբերության) պայամանագրերը:

3. Գանձապետական հաշվեհամարը բացելու, ինչպես նաև նվիրաբերության նշված գումարը գանձապետական հաշվեհամարին փոխանցելու (հաշվեհամարին մուտքագրելու) վերաբերյալ բոլոր իրավական ակտերը (նորմատիվ, անհատական և ներքին), ինչպես նաև վարչական ակտերը, նամակագրությունները, հանձնարարականները և/կամ այլ փաստաթղթերը:

Այս կետով ներկայացվող տեղեկատվության ներքո պետք է հստակ պատասխանել նաև հետևյալ հարցերին. Արդյո՞ք գանձապետական այս հաշվեհամարը բացվել է բացառապես նշված նվիրաբերության համար, հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշիվ, և եթե այո, ապա արդյո՞ք այդ հաշվեհամարից գումարներ են ելքագրվել կառավարության համար:

4. Գանձապետական նշված (նվիրաբերության գումարները մոջտքագրելու համար բացված)հաշվեհամարի  շարժը նկարագրող տեղեկանք (քաղվածք հաշվից)՝ հաշվեհամարի բացման պահից մինչև սույն կետով պահանջվող տեղեկատվություն տրամադրելու օրը: Սույն կետում  նշված տեղեկությունը պետք է ներառի նաև հաշվեհամարի յուրաքանչյուր շարժի (մուտքի և ելքի) համար հիմք հանդիսացող առաջնային (սկզբնական) փաստաթղթերի տվյալները, ինչպես նաև շարժի արդյունքում ֆինանսական միջոցների ելքի հանրագումարը՝ տարանջատված մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը և 2021 թվականին՝ ըստ ամիսների:

5. Տեղեկանք գանձապետական նշված հաշվեհամարից 300 մլն. դրամ և ավելի մեկանգամյա կամ միմյանց փոխկապակցված փոխանցումների վերաբերյալ՝ նշելով գումարի մեծությունը, ծրագրի անվանումը և ստացողին:

6. Տեղեկատվություն այն  ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացնելու համար ծախսվել են հատկացված միջոցները՝ ներկայացնելով ծրագրի կատարման պատասխանատու պետական մարմնին, ծրագրի նկարագիրը, անվանումը, ծրագրով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական, ինչպես նաև կատարողականի ցուցանիշները, ծրագրի սկզբի և ավարտի ամսաթվերը:

Այս կետի պահանջի ներքո պետք է ներկայացնել նաև տեղեկություն  այն մասին, թե մինչև նշված ծրագրի հաստատումը արդյո՞ք համանման ծրագիր (ծրագրեր), ծախսեր նախատեսվել են ՀՀ 2020թ. պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներով: Եթե առկա են համընկնումներ, հարկ է պատասխանել նաև, թե ի՞նչ ուղղություններով (նպատակներով) են ծախսվել  (վերաբաշխվել) բյուջեներում նախատեսված միջոցները:

7. Տեղեկություն նախորդ կետում նշված ծրագրերի իրականացման հսկողության համակարգի մասին՝ ծրագրի նախատեսված նպատակների և արձանագրված արդյունքների համապատասխանության վերաբերյալ հսկողություն իրականացնող մարմնի և պաշտոնատար անձի հաստատումները:

8. Նվիրաբերության պայմանագրերով ստացված միջոցների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ներկայացված հաշվետվությունները, դրանց վերաբերյալ տրված բացատրությունները, մասնագետների  և/կամ փորձագետների, ինչպես նաև աուդիտորական կազմակերպության եզրակացությունները:

«Հայաստան» համահայկական հիմնադրամին՝

1. «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի անցկացման նպատակները, դրամահավաքի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցած անձանց (ֆիզիկական և իրավաբանական) քանակը:

2.  «Հայաստան» համահայկական  հիմադրամի կանոնադրությունը՝ բոլոր   փոփոխություններով և լրացումներով:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը և դրանում փոփոխությունները՝ նվիրաբերություն կատարելու որոշման կայացման պահից մինչև սույն հարցման պատասխանի տրամադրման օրը:

4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված հիմնադրամի գույքի տնօրինման կարգը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի կողմից՝  նվիրատվություն (ներ) կատարելու մասին իր որոշումների կատարման ընթացքի վերահսկման ընթացակարգը և փաստացի իրականացված վերահսկողության արդյունքները:

5. Նվիրատվություն (նվիրաբերություն) կատարելու որոշման համար հիմք հանդիսացած հանգամանքները:

6. Նվիրաբերություն կատարելու մասին հոգաբարձուների խորհրդի բոլոր նիստերի արձանագրությունները: Սույն կետի ներքո ակնկալվող տեղեկատվությունը պետք է պատասխանի նաև հարցերին. Իրավասու էր արդյո՞ք հիմնադրամը իրականացնելու նույն ծրագրերը, ինչը նվիրաբերության գումարներով  իրականացրել է կառավարությունը, քննարկվել է արդյո՞ք կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը հիմնադրամի կողմից անմիջականորեն իրականացնելու տարբերակը: Եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ է հիմնադրամը հրաժարվել դրանք անմիջականորեն իրականացնելուց:

7. Հիմնադրամն ունի՞ Հայաստանի Հանրապետության գանձապետարանում բացված գանձապետական հաշիվ: Նվիրաբերության գումարները արդյո՞ք այդ հաշվեհամարի հետ առնչություն ունեն:

8. Տեղեկատվություն 5-րդ կետում նշված նիստերի անցկացման վերաբերյալ խորհրդի անդամներին ծանուցելու, նիստերի օրակարգերը, դրանցոււմ ներառված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը խորհրդի անդամներին (անվանական) տրամադրելու մասին: Նվիրատվությանը (ներին) կողմ քվեարկած խորհրդի անդամները:

9. Նվիրատվության նպատակների՝ հիմնադրամի կանոնադրությանը համապատասխանելու վերաբերյալ իրավասու մարմնի եզրահանգումը (փորձագիտական եզրակացության դեպքում նաև դա):

10. Կառավարության կողմից նվիրատվության գումարի փաստացի ծախսման ուղղությունները և արձանագրված արդյունքները, ինչպես նաև նվիրաբերության և կառավարության կատարած ծախսերի վերաբերյալ փորձագիտական, մասնագիտական և աուդիտորական եզրակացությունները»: