
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու: Նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:
Արդեն 10 օր է շարունակվում է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան: Սեպտեմբերի 27-ից սկսած սադրիչ գործողությունների առաջին իսկ օրվանից Հայաստանը բարձրաձայնել է իրավիճակի սրացման գործում Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից Սիրիայից Ադրբեջան Արցախի դեմ ահաբեկիչներ ուղղորդելու մասին: Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ իրենց մտահոգությունը հայտնեցին ղարաբաղյան կոնֆլիկտում երրորդ երկրի՝ Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների ուղղորդելու առնչությամբ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստների մասնակցության մասին: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Այս ամենի համատեքստում ուշադրության կենտրոնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցը Բաքու: