գլխավոր Իրադարձային Սիսակ Գաբրիելյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել. թեմաներից մեկը եղել է ռուսերենի...

Սիսակ Գաբրիելյանն ու ՌԴ դեսպանն են հանդիպել. թեմաներից մեկը եղել է ռուսերենի հարցը

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Գաբրիելյանը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի զարգացումը, ընդգծել տարբեր ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար` կարևորելով երկու երկրների համագործակցությունը հատկապես ԵԱՏՄ շրջանակում:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հարցին, կարևորել ուսուցիչների վերապատրաստման խնդիրը: Դեսպանն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտին առնչվող հարցեր: Գաբրիելյանը ներկայացրել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի խնդիրները:

Կոպիրկինը տեղեկացրել է, որ նախորդ տարի դեսպանության աջակցությամբ թատրոնում տեխնիկական որոշ խնդիրներ լուծվել են, մասնավորապես փոխվել է ձայնային համակարգը: Առաջիկայում նախատեսված է արդիականացնել լուսավորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: