գլխավոր Հասարակություն Երբ կառուցվում էր Գորիս-Կապան ճանապարհը, Ադրբեջանի տարածք էինք «գրավո՞ւմ» և Ադրբեջանը դա...

Երբ կառուցվում էր Գորիս-Կապան ճանապարհը, Ադրբեջանի տարածք էինք «գրավո՞ւմ» և Ադրբեջանը դա չէր տեսնո՞ւմ․ ՀՀ իշխանությունները հստակ գիտեին` ինչու են հենց այդտեղ ճանապարհ կառուցում. Հենրիկ Քոչինյան

Երբ 1960-ականների սկզբին Հայաստանի Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացնում կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն Հայաստանի սահմանի տեղը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Լոռու նախկին մարզպետ, ՀՀ տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը։

«Հստակ գիտեին, որովհետև ոչ գիտակից մարդը չէր կարող լինել Մինիստրների խորհրդի կազմում։ Երբ կառուցում էին Հայաստանի պետական բյուջեի հաշվին, գիտեին ինչի համար են կառուցում և ինչու են հենց այդտեղով կառուցում, որպեսզի կարողանան Ադրբեջանի ձգտումները, որոնք մեծ պետության գաղափարներով փորձում էին Արաքսի ձախափնյա տարածքով ավտոմոբիլային մեծ ճանապարհներ անցկացնել, խափանել»,– ասաց նա։

Ըստ Քոչինյանի՝ այդ ճանապարհի կառուցմամբ կտրվեց այդ ցանկության ճանապարհը ու Նռնաձորի մոտ այդ ճանապարհը փակվեց, ադրբեջանցիները այլևս չկարողացան առաջ շարժվել։ «1970-ական թվականների սկզբին, երբ Հեյդար Ալիևը նորից փորձեց դա առաջ տանել, Կարեն Դեմիրճյանի հորդորով մենք սկսեցինք կառուցել Քաջարան-Մեղրի ճանապարհը, դա ևս մեկ խաղաքարտ էր, որով նրանց ցանկությունները կավարտվեին»,– նշեց նա։

Հենրիկ Քոչինյանի խոսքով՝ այսօր հայտարարվում է, որ այդ ճանապարհի 22 կմ-ը անցնում է Ադրբեջանի տարածքով։ «Երբ մենք կառուցում էինք այդ ճանապարհը, Ադրբեջանի տարածք էինք գրավո՞ւմ, Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում կամ չէի՞ն հասկանում։ Իրենց համար դա որևէ տնտեսական նշանակություն չէր կարող ունենալ, որովհետև այդ տարածքում իրենք ո՛չ ադրբեջանական գյուղեր ունեին, ո՛չ արդյունաբերություն ունեին, ոչինչ էլ չունեին»,– ասաց նա։

Բացի դրանից, նրա խոսքով՝ այդ ճանապարհներն անցնում էին անտառների միջով և կառուցման համար պետք է անտառահատումներ արվեին։ «Ադրբեջանցիները համաձա՞յն էին, որ մենք «իրենց» անտառները հատեինք։ Մյուս կողմից 1964 թ-ից սկսած Հայաստանի կառավարությունը ամեն տարի բյուջեից ճանապարհների պահպանության համար գումարներ է հատկացրել, հստակ նշված է` Գորիս-Կապան ճանապարհ, 68 կմ երկարությամբ երկրորդ կարգի ճանապարհ, X գումար է հատկացնել դրա պահպանության, սպասարկման համար»,– ասաց նա։

Հենրիկ Քոչինյանը նշեց, որ եթե Հայաստանը խնդրողի դերում լինելու փոխարեն հանդես գա պահանջատիրոջ դերում, ապա մեզ հետ հաշվի կնստեն։

«Խոսքը միայն ճանապարհի մասին չէ, երբ դու ճանապարհ ես զիջում, դա 15-20 կիլոմետրանոց հողաշերտ չէ միայն, այդ ճանապարհի աջ և ձախ կողմերում տարիներ շարունակ գոյացել են ինֆրաստրուկտուրաներ, համայնքներ, արտադրություն։ Զիջել այդ տարածքները նշանակում է այդ ճանապարհից այս կողմ ընկած հատվածում այլևս անելիք չունես»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, Քոչինյանը նշեց. «Մենք պարտավոր ենք կառուցել այդ ճանապարհը` որպես եղանակային վատ պայմանների պարագայում Քաջարան–Մեղրի ճանապարհին փոխարինող ճանապարհ»։