գլխավոր Իրադարձային Արտաքին սպառնալիքը մեծանում է, այլապես, ստիպված չէինք լինի Թուրքիային թողնել Կովկաս, Բելառուսն...

Արտաքին սպառնալիքը մեծանում է, այլապես, ստիպված չէինք լինի Թուրքիային թողնել Կովկաս, Բելառուսն էլ մեր իրական դաշնակիցը դարձած կլիներ. ի՞նչ «ապահովագրական ցանցերի» մասին է խոսել Լավրովը. Regnum

Ելույթ ունենալով արտադրողների և ձեռնարկատերերի ռուսական միության համաժողովում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի շարք նշանակալի հայտարարություններ է արել արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնց ուշադրություն է դարձրել «Ռեգնում» գործակալությունը:

Նախարարը, մասնավորապես, նշել է, որ «ավելի ու ավելի շատ երկրներ են սկսում հասկանալ ապահովագրական ցանց, համակարգեր ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք նրանց կախվածության մեջ չեն դնի մեր արևմտյան գործընկերների քմահաճույքներից և անհուսալիությունից»:

«Ապահովագրական ցանցը», ինչպես և համակարգերը կարևոր և անհրաժեշտ են, որոնք և՛ մեզ, և՛ մեր դաշնակիցներին կպաշտպանեն Արևմուտքի երկրների՝ պայմանավորվածություն ձեռք բերելու անկորողությունից: Լավրովը նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանն աշխատում է տարբեր ձևաչափերում, որոնք ստեղծվել են այդ նույն նպատակով: Խոսքն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի և այլ ձևաչափերի մասին է: Ըստ Լավրովի՝ այդ կառույցներում Ռուսաստանը կարող է պաշտպանել իր շահերը:

«Ռուս նախարարը դրական համատեքստում է խոսում հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի հնարավորությունների մասին, սակայն եկեք նայենք ճշմարտության աչքերին. մեր երկրի հեղինակությունն ու ազդեցությունն այնտեղ ընկնում է: Այլապես, մի քանի պարզ օրինակ բերեմ, Ղազախստանն ու Ուզբեկստանը կիրիլիցայից (կյուրեղագիր՝ խմբ.) լատիներենի չէին անցնի: Այլապես, ստիպված չէինք լինի Թուրքիային ներս թողնել Կովկաս: Այլապես, Ուկրաինայի և Մոլդովայի հետ հարաբերություններն այլ կլինեին: Այլապես, Բելառուսը վաղուց դարձած կլիներ մեր իրական դաշնակիցը, և ամենակարևորը՝ կայուն երկիր»,- գրում է հոդվածի հեղինակը:

Ըստ հեղինակի՝ Ռուսաստանն Արևմուտքից ներկա դրությամբ աշխատող երաշխիքներ չի ստանա՝ ո՛չ անվտանգության, ո՛չ առևտրատնտեսական գործերում իրավահավասար մոտեցման:  

«Այս ըմբռնում է պետք կարևորել: Մեզ ոչ թե նոր «ցանցեր» և «համակարգեր» են պետք, այլ հենց Ռուսաստանի ուժեղացումը և հաստատակամ գործողություններն Արևմուտքի դեմ մոլորակի բոլոր շրջաններում: Մյուս կողմից պետք է տնտեսապես և քաղաքականապես ավելի կոշտ «սեղմել» ԱՄՆ-ի դաշնակիցներին, որոնք գործում են մեր սահմանների մոտ»,- ընդգծել է հոդվածագիրը՝ հավելելով, որ Արևմուտքը հենց այդպես է վարվում Ռուսաստանի և նրա հետ իրապես համագործակցելու պատրաստ երկրների հետ: