գլխավոր Իրադարձային Թալիբներն Աֆղանստանում կանեփի վերամշակման ձեռնարկություն են բացում

Թալիբներն Աֆղանստանում կանեփի վերամշակման ձեռնարկություն են բացում


ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ

Օգոստոսին Աֆղանստանը նվաճած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրում կանաբիսի (կանեփ) վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Թալիբների ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ ձեռնարկությունն ստեղծվելու է Cpharm ընկերության օգնությամբ: Գերատեսչությունը մանրամասներ չի հայտնում այդ ընկերության մասին, սակայն Aamaj News լրատվական գործակալությունը նշում է, որ այն բազավորված է Ավստրալիայում:

Թալիբների ՆԳ նախարարության մամուլի կենտրոնի պետ Սայիդ Հոսթին Twitter-ում գրել է, որ այդ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ներքգործնախարարի թմրանյութերի դեմ պայքարի գծով տեղակալը:

«Cpharm-ը 450 միլիոն դոլար է ներդնում Աֆղանստանում հաշիշի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու գործում: Ընկերության հետ պարտավորագրի բոլոր փուլերն ավարտվել են, եւ մի քանի օր անց նախագիծը պաշտոնապես կգործարկվի, ինչը աշխատատեղեր կստեղծի բազմաթիվ քաղաքացիների համար»,-հաղորդել է Հոսթին:

Նրա խոսքով՝ այդ ձեռնարկության արտադրանքը կօգտագործվի դեղամիջոցների եւ կրեմների արտադրության բնագավառում:

Միեւնույն ժամանակ ավստրալական Cpharm ընկերությունն ինքը հաղորդել է, որ ոչ մի ձեւով կապված չէ «Թալիբան»-ի եւ կանաբիսի հետ, ինչպես նաեւ գաղափար չունի, թե որտեղից է հայտնվել թալիբների ՆԳ նախարարության նման մամուլի տեղեկագիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: