գլխավոր Իրադարձային Կորոնավիրուսով վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է. Ավանեսյան

Կորոնավիրուսով վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է. Ավանեսյան

Ընդհանուր առմամբ իրականացվել է 1 մլն 168 հազար պատվաստում և հիշատակման արժանի որևէ բարդության դեպք չի գրանցվել։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ մոնիթորինգ են իրականացնում և արձանագրում են անգամ այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմում են ջերմության բարձրացման կամ այլ դեպքով. «Դա նորմալ է, քանի որ նշանակում է՝ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են, և դա օրգանիզմի նորմալ ռեակցիա է։ Առաջին դեղաչափ ստացել է 761 820 քաղաքացի, ինչը կազմում է մեր բնակչության 38.1 տոկոսը։

Երկրորդ դեղաչափը ստացել է 406 681 քաղաքացի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Վերջինս հավելեց, որ արդեն իրականացնում են այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց ամբողջական պատվաստումից անցել է 6 ամիս։ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 1-2 օրվա ընթացքում կմշակվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են վերապատվաստվել։

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ պատվաստվածների թիվը 1269-ն է։ Այսինքն վարակվածների շրջանում 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է կորոնավիրուսով։ Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված։

«Բազմաթիվ դեպքեր ունենք, որ անգամ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը, իսկ այն քաղաքացիները, որոնք չունենք քրոնիկ հիվանդություններ, երիտասարդ են, ցավոք սրտի՝ ծանր ընթացքով են տանում հիվանդությունը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարն ընդգծեց, որ պատվաստումները որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա։