գլխավոր Հասարակություն Զինվորը վրանում ու բաց դիրքում չպետք է ապրի, թշնամին տեսնում է, որ...

Զինվորը վրանում ու բաց դիրքում չպետք է ապրի, թշնամին տեսնում է, որ նախնադար է ու ճեղքում է սահմանը. Չալաբյան

«Կոտրված անվտանգային համակարգով չենք կարող դիմադրել թշնամուն, պետք է վերականգնել այդ համակարգը». «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Հավելեց, որ սահմանազատումն իրականացնելով առանց խաղաղության պայմանագրի ժամանակավրեպ է և ՀՀ շահին հակասող։
«Սահմանազատման իրականացումը առանց խաղաղության պայմանագրի բերելու է դե ֆակտո Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ խորհրդային Ադրբեջանի սահմաններում և ըստ էության հրաժարում Արցախի հանրապետության անկախության հետագա պայքարից»։

Ըստ Չալաբյանի՝ Արցախի հարցի լուծում գոյություն չունի առանց ուժային հավասարակշռության։ Ադրբեջանը փորձելու է օգտվել գործադիրի հերթական սխալներից՝ վերցնի ճանապարհ ու բարձունք, պարտադրի սահմանազատում։

«Եթե ուզում ենք կանխել ընթացքը, դա հնարավոր է միայն ազգային համատարած մոբիլիզացիայի պայմաններում»։

Ըստ Չալաբյանի, Կառավարությունը սխալ որոշումներ է ընդունում և առաջնային է պետական բյուջեն տրամադրել պաշտպանությանը։

«Մեզ այս պայմաններում առնվազն պետք է մեկ միլիարդանոց պաշտպանական բյուջե։ եթե 800 միլիոնը պետությունը հատկացնի, նախադրյալները բավարարված լինեն, 200 միլիոնը մասնավոր հատվածը կկարողանա ապահովել»։

Հինգ տարվա ընթացքում, ըստ Չալաբյանի, ռազմական ոլորտում՝ բանակաշինությունում, հնարավոր է տեխնիկապես հասնել այն արդյունիքի, ինչը Ադրբեջանն ու Թուրքիան ձևավորեցին 15 տարվա ընթացքում։

«Վերջին պատերազմը աղետալի հետևանք է բերում, բանակը բարոյալքված է, լավագույն սպաները հեռանում են բանակից, մարդիկ 30 հոգով գերի են հանձնվում, դիրքը չեն պաշտպանում։ Զինծառայողները ապահովված պետք է լինեն՝ իրենք վրաններում չպետք է ապրեն, բաց դիրքում չպետք է ապրեն, ու պատահական չի, որ այդ հատվածում է սահմանը ճեղքվում, որովհետև այդտեղ նախնադար է, հակառակորդը դա տեսնում է»,- ասաց Չալաբյանը։