գլխավոր Հասարակություն ՀՀ ԱՆ-ն վիրավոր զինվորների վիճակն ու գտնվելու վայրը պարզելու համար թեժ գիծ...

ՀՀ ԱՆ-ն վիրավոր զինվորների վիճակն ու գտնվելու վայրը պարզելու համար թեժ գիծ կգործարկի

ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել թեժ գիծ, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը:

Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակահատվածում բազմաթիվ ահազանգեր են լինում, երբ հարազատները երկար ժամանակ չեն կարողանում գտնել իրենց զինծառայողներին կամ որևէ տեղեկություն սատանալ նրանց մասին:

«Այսօր կամ վաղն այդ հարցը վերջնականապես կկանոնակարգվի: Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը: Չնայած ի սկզբանե բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ, եթե նրանք գիտակցության են: Շատ քիչ դեպքեր ենք ունենում, որ անճանաչելի վիրավորներ են լինում, քանի որ անգիտակից վիճակում են լինում սկզբից, և, իրավիճակով պայմանավորված, հայտնի չի լինում՝ նրանք որ զորամասից են, անուն-ազգանունները և այլն: Նրանց ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով կրկին մենք և ՊՆ-ի մեր գործընկերները զբաղվում ենք»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ համակարգի վերջնական պատրաստ լինելու դեպքում կտարածվի հայտարարություն, որի մասին հաղորդագրություն կտարածվի: