գլխավոր Իրադարձային Հայաստանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսո՞ւմ գաղտնալսումների համար. «Փաստ»

Հայաստանի իշխանությունները մեծ գումարներ են ծախսո՞ւմ գաղտնալսումների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Երեկ անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։ «Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել էր նա։ Ավելի ուշ պարզվեց, որ նրանցից մեկը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է:

Նա հայտարարություն էր տարածել, որ Apple ընկերությունից նամակ է ստացել, և հավելել. «Այս նամակը հաստատում է իմ նախկին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի գործող իշխանություններն ապօրինաբար, խախտելով իմ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տևական ժամանակ գաղտնալսման փորձեր են իրականացրել, որոնք ակնհայտորեն կապված են իմ քաղաքական գործունեության հետ»: Իր հերթին մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել էր, որ, իր տեղեկություններով, Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել: Ավելին, «Փաստի» տեղեկություններով, անհամեմատ ավելի մեծ թվով մարդ է ստացել:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանը ձեռք է բերել լրտեսող ծրագիր, ընդ որում, բավականին թանկ: Ուշագրավ է, որ իսրայելական ծագման Pegasus լրտեսող ծրագիրը ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար օգտագործվել է աշխարհի մի շարք կառավարությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:

Այսինքն, բացի այն, որ Հայաստանի իշխանությունները կարող են ահռելի միջոցներ ծախսել առանձին գործիչների «հետևելու» համար, կա նաև վտանգ, որ այդ տեղեկություններին կարող են հասանելիություն ունենալ նաև թշնամական երկրները»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 25.11.21թ համարում։