գլխավոր Տեխնո 2,3 մլն դոլար. Ferrari-ն ներկայացրել է իր ամենահզոր շարժիչով մեքենան (լուսանկարներ)

2,3 մլն դոլար. Ferrari-ն ներկայացրել է իր ամենահզոր շարժիչով մեքենան (լուսանկարներ)

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունն իր էկզոտիկ մեքենաների շարքն այնպիսի արագ տեմպերով է ընդլայնում, որ դժվար է հիշել բոլոր նոր մոդելների անունները, գրում է Luxury Launches-ը:

BR20 կոչվող մեքենան ներկայացնելուց ընդամենը մի քանի օր անց արտադրողը ներկայացրել է ևս մեկ հատուկ սուպերմեքենա: Խոսքը Daytona SP3 մոդելի մասին է: Նորույթը նվիրված է 1967 թվականի փետրվարի 6-ին կայացած 24 Hours of Daytona մրցարշավին, որում վերջնագծի առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ferrari սպորտային մեքենաները՝ 30 P3/4, 330 P4 և 412 P մոդելները:

Նորույթն արտադրվելու է սահմանափակ քանակով՝ ընդամենը 599 օրինակ: Ferrari-ն Daytona SP3-ն անվանել է երբևէ կառուցված ամենաարդյունավետ աերոդինամիկ մոդելը:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա SP3-ը համալրված է Ferrari-ի երբևէ ստեղծված ամենահզոր շարժիչով: 6.5 լ աշխատանքայաին ծավալով, 828 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչը ժամում հարյուր կիլոմետր արագություն է զարգացնում 2,86 վայրկյանում: Մինչդեռ մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 339 կմ/ժ է:

 Իտալիայում մեքենայի գինը 2,3 մլն դոլար է: