գլխավոր Գլխավոր ԱԺ-ն քննարկում է կառավարությանը տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավունք տվող նախագիծը

ԱԺ-ն քննարկում է կառավարությանը տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավունք տվող նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:

«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:

Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը: Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի և քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։