գլխավոր Գլխավոր Կարևոր կետեր Արսեն Թորոսյանի ասուլիսից

Կարևոր կետեր Արսեն Թորոսյանի ասուլիսից

Քիչ առաջ միասնական տեղեկատվական կենտրոնում առողջապահության նախարարը հանդես եկավ ասուլիսով։ Ներկայացնում ենք ասուլիսի կարևոր կետրեը․

․ Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, եւ որեւէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները ե՛ւ ռազմական օբյեկտներն էին, թե՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը։

․ Արցախի բժշկական համայնքը եւ ՀՀ-ից մեկնած մեր գործընկերները փաստացի երբեմն զրկված են լինում կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնություն ցույց տալուց, որովհետեւ Ստեփանակերտն ու այլ քաղաքները ռմբակծության տակ են, եւ շտապօգնության մեքենաները չեն կարողանում հասնել օգնության կարիք ունեցող քաղաքացիներին։

․ Ինքս եմ ականատես եղել Ստեփանակերտի հիվանդանոցին շատ մոտ հրթիռային հարվածին, հիվանդանոցն ուղղակի դղրդաց, եւ հավանականությունը մեծ էր, որ հարվածը կարող էր լինել հենց հիվանդանոցին։ Տեսնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրություննը՝ մեր բժշկական անձնակազմ այնպիսի տպավորություն ունի, որ չի բացառվում ուղիղ հարված լինի նաեւ բժշկական ենթակառուցվածքին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն՝ խաղաղ բնակչության նկատմամբ։

․ Ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է այս պահին։ Արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում ականատես ես լինում քանդված, հողին հավասարեցված շենքերին, ինչն անթույլատրելի է։

․ Այս պատերազմի ժամանակ ստացած վիրավորումների ճնշող մեծամասնությունը ականապայթյունային են, որովհետեւ այս պատերազմը, փաստացի, օդային կամ հրետանային կամ ԱԹՍ-ներով պատերազմ է։ Մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են, որոնք առաջացնում են լուրջ վիրավորում կամ մահ։

․ Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով եւ արյան պաշարներով։ Մատակարարումներն արվում են անխափան։ Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են։

․ Վիրավորների մասին տեղեկության բացը լրացնելու մասին խնդրին ծանոթ ենք, այդ հարցը այսօր կամ վաղը վերջնականապես կկանոնակարգվի։ Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն վիրավոր ծառայողի գտնվելու վայրը, բայց հիմնականում գիտակցության մեջ գտնվող ծառայողները կարողանում են կապ հաստատել հարազատների հետ։ Հազվադեպ է լինում, որ վիրավորների ճանաչման պրոցեսը բարդ է լինում։ Բայց այս հարցով էլ զբաղվում ենք։

․ ՀՀ տեղափոխված բոլոր քաղաքացիներին ՀՀ կառավարությունը տրամադրում է հնարավոր ամենամեծ առողջապահական փաթեթը։

․ Անհապաղ լուծման անհրաժեշտ սարքերի կարիք որպես այդպիսին չկա, որովհետեւ մեր ունեցած սարքերը տեղափոխվում են՝ ըստ անհրաժեշտության։ Մենք նաեւ առաջանցիկ գնումներ ենք կազմակերպում, եւ եթե կլինեն անհատներ կամ կազմակերպություններ, որոնք կուզենան օգնել, խնդրում եմ դիմեն Առողջապահության նախարարությանը։