գլխավոր Քաղաքականություն Հայ գնդերեցները, զենքը ձեռքներին, օգնություն են տանում առաջնագիծ․ Sputnik Արմենիա

Հայ գնդերեցները, զենքը ձեռքներին, օգնություն են տանում առաջնագիծ․ Sputnik Արմենիա

Հայոց բանակում հոգևոր ծառայություն իրականացնող Հովհաննես սարկավագ Անդրյանը և Գոռ սարկավագ Գյուրջյանը ուշ գիշեր օգնություն են հասցնում Արցախի առաջնագիծ։ Այս անգամ նրանք պետք է հատուկ լապտերները փոխանցեն հրետանավորներին, որպեսզի մթության մեջ նրանք կարողանան կոորդինատները նշել և հաշվարկներ կատարել դիպուկ հարվածների համար: Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է նրանց հետ նույն ավտոմեքենայում լինել և մի քիչ զրուցել։

«Սա ամենափոքր բանն է, որ խավարի մեջ մեծ գործ է կատարում։ Հաջորդ անգամ կփորձենք անձրևանոցներ բերել, չէ որ եղանակը փչացել է», – պատմում է Հովհաննես սարկավագ Անդրյանը։

Дьякон Ованнес Андрян
Հովհաննես սարկավագ Անդրյանը

Իր հերթին սարկավագ Գոռ Գյուրջյանը նշում է, որ  զինծառայողներն ուրախանում են հոգեւորականի գալով, քանի որ նաև նրա միջոցով են կապ պահպանում արտաքին աշխարհի հետ: Հոգևորականներն իրենք իրենց օգտակար են զգում, երբ զրույցների միջոցով բարձրացնում են զինվորների մարտական ոգին կամ պարզապես թուլացնում լարվածությունը։

Дьякон Гор Гюрджян
Սարկավագ Գոռ Գյուրջյանը

«Երբ մարդը մտածում է, որ ինքը պաշտպանելու բան չունի, հուսախաբ է լինում։ Մենք ամեն առիթի դեպքում հիշատակում ենք՝ մեր ծառայությունը մեր հայրենիքի, եկեղեցու, պետականության, ազատության, ազգային մշակույթի, արժեքների… այս ամենի համար է»,- ասում է հոգևորականն ու ավելացնում, որ զինվորների պայքարը հայրենիքի և ընտանիքների համար է, իրենք էլ՝ որպես մեծ ընտանիքի մի մասնիկ, անում են ամեն ինչ, որպեսզի զինվորներն իրենց միայնակ չզգան։

Երկու հոգևորականներն էլ նշում են, որ հակառակորդն այլ ելք չի թողել, և եկել է պահը, երբ պետք է զենք վերցնել։

«Մենք ստիպված էինք զենք վերցնել, եւ մենք փորձում ենք պաշտպանել այն ամենը, ինչ ունենք», – ասում են նրանք ու ավելացնում՝ հիմա հակառակորդի հետ պետք է զենքի լեզվով խոսել, որ հասկանան։