գլխավոր Քաղաքականություն ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներն Արցախի մասին համատեղ հայտարարությունն են արել

ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներն Արցախի մասին համատեղ հայտարարությունն են արել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարներն ամենավճռական ձևով դատապարտում են աննախադեպ և վտանգավոր էսկալացիան ԼՂՀ հակամարտության գոտում և նրա սահմաններից դուրս։ Այս մասին ասված է ՌԴ–ի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Ժան-Իվ Լը Դրիանի և Մայքլ Պոմպեոյի համատեղ հայտարարության մեջ։

«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջերս տեղի ունեցած հարձակումները, որոնց թիրախը հավանաբար քաղաքացիական օբյեկտներն են` ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի  տարածքներում` ԼՂՀ հակամարտության գոտուց դուրս, նման հարձակումների անհամաչափությունն անթույլատրելի սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Համանախագահող երկրների արտգործնախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել։

Համանախագահող երկրները լրջորեն տրամադրված են ՄԽ անդամ երկրների աջակցությամբ ամբողջությամբ իրականացնել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը։ Այդ մանդատի համաձայն` նրանք կշարունակեն հետևողականորեն ընդլայնել կողմերի հետ համագործակցությունը ` կոչ անելով նրանց անհապաղ պարտավորվել վերականգնել բանակցությունները առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին էլ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ: