
Լոս Անջելեսի քաղաքապետարանում մամլո ասուլիս է կայացել՝ հաջակցություն Հայաստանի: Ասուլիսի մասնակից կոնգրեսականներն ու ամերիկացի այլ գործիչներ կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կանգնեցնելու Ադրբեջանի կատաղի ներխուժումն Արցախի Հանրապետություն:
Գործիչները դատապարտել են Թուրքիայի ցուցաբերած աջակցությունն ադրբեջանական ուժերին, հատկապես թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սիրիացի և լիբիացի ջիհադականներին հակամարտության գոտի ուղարկելը:
«Ամերիկացիները չպետք է երբեք հանդուրժեն ջիհադականների ներկայությունն այս տարաշրջանում: Ամերիկացիները չպետք է հանդուրժեն ադրբեջանական բռությունն՝ ընդդեմ իրենց անկախության իրավունքը պաշտպանող ժողովրդի: Հուսով եմ, որ Վաշինգտոնը կճանաչի Արցախի ինքնիշխանություն ու անկախությունը», – բացմանն ասել է քաղաքային խորհրդի անդամ պարոն Գրիգորյանը:
Ելույթով հանդես է եկել Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին՝ նշելով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
«Այսօր միասնության և համերաշխության օր է, երբ պետք է կարևորվեն մեր գործողությունները: Կյանքեր են կորսվել Արցախի քաղաքներում և համայնքներում տեղի ունեցող ներխուժումների հետևանքով: Խաղաղության կոչերը չեն կարող ոչինչ փոխել, միայն գործողությունները: Այս պահին մեր առաքելությունը պետք է հստակ լինի, այն է գործնական քայլերի անցնել: Կոչ եմ անում Թրամփի վարչակազմին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Դա պետք է սկսվի ադրբեջանական անգրեսիայի վճռական դատապարտմամբ և պահանջով, որ Թուրքիան անհապաղ դուրս գա հակամարտությունից», – շեշտել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։