
Ադրբեջանի իշխանություններն այն կարգի թքած ունեն իրենց զինծառայողների վրա, որ հրաժարվում են ռազմաճակատում ժամանակավոր դադարի գնալ։ Այս մասին գրառում է է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Իսկ դա պատերազմող կողմերի համար պետք է որ կարևոր նշանակություն ունենար՝ հասկանալու, թե արդյո՞ք ռազմաճակատի թեժ հատվածներում զոհված կամ վիրավոր զինծառայողներ կան։
Ապրիլյան պատերազմի օրերին, եթե չեմ սխալվում 2-3 նման դադար եղավ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 15 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։