գլխավոր Քաղաքականություն Պուտինն առայժմ չի ծրագրում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ․ Պեսկով

Պուտինն առայժմ չի ծրագրում բանակցել Ալիևի և Էրդողանի հետ․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու դեռևս հստակ ծրագրեր չունի, սակայն տարածաշրջանում պատերազմ է ընթանում, և իրադարձությունները զարգանում են արագ, ուստի դժվար է կանխագուշակել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, ոչ մի կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, այդ թեմայով քննարկում կունենա իր գործընկերների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն առաջիկայում բարձր մակարդակով բանակցություններ է ծրագրում վարել Ալիևի կամ Էրդողանի հետ:

Հարցին, թե կարելի՞ է նման բանակցություններ ակնկալել այս շաբաթ, Պեսկովը պատասխանել է. «Առայժմ նման հստակ ծրագրեր չկան»:

«Բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է։ Ղարաբաղում իրավիճակը զարգանում է արագ, այնպես որ դժվար է գուշակություններ անել։ Կախված նրանից, թե ինչպես կզարգանան հանգամանքները, կձևավորվեն նաև երկխոսության պահանջները», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։