գլխավոր Без рубрики Նոբել Առուստամյան. Պաշտպանության բանակը արդեն մեկ շաբաթ է դիմակայում է Ադրբեջանի իշխանության...

Նոբել Առուստամյան. Պաշտպանության բանակը արդեն մեկ շաբաթ է դիմակայում է Ադրբեջանի իշխանության հարվածներին, որոնց աջակցում է Թուրքիան

Ռուսական Матч ТВ հեռուստաալիքի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանը դարձյալ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմին: 

«Ես շատ լավ հասկանում եմ, որ սոցիալական ցանցերում իմ ընկերների ու հետևորդների մեծամասնությունը չեն ցանկանում ներքաշվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում ու պետք էլ չէ:

Պատերազմում յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Ու դուք երևի կասեք, որ իմ փաստարկները կողմնակալ են, ու ինչու դուք պետք է ինձ հավատաք: Ավելի լավ է ուղղակի շրջանցել ու անցնել:

Այո՛, գուցե դա այդպես է, ավելին, յուրաքանչյուր կոնֆլիկտում կա ուրիշ կողմ: Պետք չէ, որ դուք խորանաք տարածաշրջանի պատմության մեջ ու իմանաք, թե Լեռնային Ղարաբաղում երբ են ստեղծվել հայկական առաջին վանքերը: Դուք չպետք է իմանաք, թե ինչպես բոլշևիկները ի հակառակ Լեռնային Ղարաբաղի 90 տոկոս հայկական բնակչության կամքին, այդ հողը տվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ին՝ տալով ինքնավար մարզի կարգավիճակ: Պետք չէ, որ դուք իմանաք, որ Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղն ուզում էր դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից միանալ հայկական ԽՍՀ-ին: Ու երբ ստեղծվեց հնարավորություն, Ղարաբաղի բնակիչները հանրաքվե անցկացրին ու հերթական անգամ տեղի բնակչությունը բարձրաձայնեց իր ցանկությունների մասին: Այս ամենի պատճառով այլ հայեր (ավելի քան 250 հազար), որոնք ապրում էին ադրբեջանական այլ քաղաքներում (Բաքվում, Սումգաիթում) ենթարկվեցին ջարդերի ու, ըստ էության, վռնդվեցին իրենց տներից: Դուք կարող եք անտեսել այն տեղեկությունը, որ դե ֆակտո մինչև 1994 թվականը ձգված պատերազմում հայերը պահել են իրենց հողն ու փաստացի հաղթել պատերազմում: Նրանք իրավունք ստացան ապրելու իրենց հողում: Պետք չէ, որ դուք մտածեք այն մասին, որ Ադրբեջանը արդեն 30 տարի է վարում է հակահայ քաղաքականություն՝ սկսած դպրոցական ծրագրերում հայատյացության սերմանումից մինչև պետական պարգևների շնորհում մի մարդու, ով Եվրոպայում սպանել է անմեղ հայ սպայի, այն էլ քնած ժամանակ: Ձեզ պետք չէ իմանալ, որ Ադրբեջանը անգամ նվազագույն հայկական արյուն ունեցող մարդուն, անգամ այլ երկրի անձնագրով չի թողում Բաքու, ու այսքանից հետո խոսում է Ղարաբաղի հայ բնակչության հետ համատեղ ապրելու մասին: 30 տարվա ընթացքում Ադրբեջանը շատ է խոսել այսպես կոչված «իր տարածքի 20 տոկոսի վերադարձի մասին», ՄԱԿ-ի բանաձևերի մասին, բայց երբեք չի խոսել Ղարաբաղի հայերի մասին, թեպետ դա միակ բանն էր, որ պետք էր անել գոնե նվազագույն մոտեցման համար:

Այն, ինչ ես գրում եմ, կարող եք հեշտությամբ փնտրել ու կտեսնեք, որ այս ամենը ճիշտ է:

Բայց ես սա գրում եմ ոչ այդ պատճառով: Ես ուղղակի ուզում եմ, որ դուք ֆիքսեք այսօրվա պահն ու իմանաք այս ամենի մասին: Ես գրում եմ, որ ավելի շատ մարդ հասկանա, թե ինչ է կատարվում հիմա: Եվ որ հետո մարդիկ անխղճորեն չփակեն իրենց աչքերը:

Արցախի պաշտպանության բանակը արդեն մեկ շաբաթ է հերոսաբար դիմակայում է Ադրբեջանի իշխանության հարվածները սահմանի ամբողջ երկայնքով: Այդ հարվածները բաց ու հրապարակայնորեն աջակցում է Թուրքիան: Նրանք վերջին ամիսներին Ադրբեջանում զորավարժություններ էին իրականացնում: Ու այս ամենը տեղի է ունենում համաշխարհային պանդեմիայի՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում, որը արգելափակել է ողջ աշխարհը: Ռուսաստանի ԱԳՆ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնապես հայտարարում են օտարերկրյա վարձկանների մասնակցության մասին Ադրբեջանի կազմում: Բոլոր խոշոր լրատվամիջոցները (BBC, Reuters և այլն) գրում են այդ մասին, թե ինչ ճանապարհներով են նրանք հասել Ադրբեջան, ու թե որքան գումար է նրանց վճարվել: Ադրբեջանի իշխանությունները առաջին օրից ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքները՝ սպանելով երեխաների, ծերերի, կանանց, ավերելով նրանց տները, հիվանդանոցներն ու դպրոցները: Այս ամենը հակասում է միջազգային նորմերին, Ժնևի կոնվենցիային և ուղղակի տրամաբանությանը: Ինչպես է Ադրբեջանը, որը հայտարարում է «հաղթական ավարտի մասին», պատրաստվում ապրել հայերի հետ Ղարաբաղում: Կամ էլ «հաղթական ավարտը» ոչ միայն տարածքի գրավումն է, այլ նաև տեղի բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը:

Խեղճ ու փոքր Հայաստան, ու չճանաչված Արցախի հանրապետություն, որտեղ ապրում են 150 հազար մարդիկ: Նրանք պայքարում են խաղաղության ու իրենց ապրելու իրավունքի համար: Ու այդ մասին պետք է իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ:

Ես հույս ունեմ, որ խելամտությունը կգերակշռի ու ռազմական գործողությունները կդադարեն, մարդկային կորուստները երկու կողմերի կդադարեն: Այս պատերազմը էլ ավելի է հետ շպրտում երկու երկրների ապրելու հնարավորությունը: Ես վստահ եմ, որ թե՛ ադրբեջանցի, թե՛ հայ ժողովուրդներն ուզում են մեկ բան՝ խաղաղություն»: