գլխավոր Տեխնո Առաջին էլեկտրական քրոս-կուպեն և դրա «գերհզոր» տարբերակը. Volkswagen-ը միաժամանակ երկու մոդել է...

Առաջին էլեկտրական քրոս-կուպեն և դրա «գերհզոր» տարբերակը. Volkswagen-ը միաժամանակ երկու մոդել է ներկայացրել (լուսանկարներ)

Գերմանական Volkswagen ընկերությունը ներկայացրել է ID շարքի երրորդ մոդելը՝ ID.5 էլեկտրական քրոս-կուպեն և դրա «գորհզոր» տարբերակը՝ GTX անունով:

Ինչպես գրում է Motor.ru-ն, տեխնիկական առումով նորույթը նմանեցվել է ID.4 մոդելին, իսկ սկզբունքային տարբերությունը կուպեանման թափքն է: Նորույթը կառաջարկվի 77 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցով:

ID.5 մոդելը դարձել է Volkswagen-ի շարքի առաջին քրոս-կուպեն, որի հիմքում ընկած է մոդուլային կառուցվածքը: Ի դեպ, գերմանական մեքենաշինական հսկային պատկանող մյուս ապրանքանիշերն արդեն ունեն նմանօրինակ մոդելներ, ինչպես օրինակ՝ Audi-ի Q4 Sportback e-tron-ը և Skoda-ի Enyaq Coupe iV-ն:

Բազային ID.5-ը ներկայանում է 174 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Էլեկտրամեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 10.4 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 160 կմ/ժամ:

ID.5 GTX առաջատար տարբերակը հասանելի է 299 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որի օգնությամբ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 6.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 180 կմ/ժամ:

Առաջնաքարշակ մոդելներն առանց վերալիցքավորման կարող են անցնել 520 կմ տարածություն, իսկ լիաքարշակ համակարգով տարբերակները՝ 480 կմ:

Նորույթները ներկայանում են 5.3 դյույմ կառավարման թվային վահանակով և 12 դյույմ մուլտիմեդիա համակարգի էկրանով: Մեքենաների գները դեռևս հայտնի չեն: