գլխավոր Իրադարձային «Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»․ Ֆրեզնոյում հայերը բողոքի ցույց են...

«Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»․ Ֆրեզնոյում հայերը բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում նախօրեին հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը կոչված էր ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հրահրած պատերազմի վրա, հարգանքի տուրք մատուցել զոհված հայ զինվորների հիշատակին, հաղորդում է տեղական yourcentralvalley.com-ը։

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Ֆրեզնոյի քաղաքապետարանի շենքի մոտ, այնուհետև շարժվել դեպի «Ռիվեր Փարք»՝ մեծարելու պատերազմի դաշտում ընկած հայ զինվորներին։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ևս մեկ հարձակում ձեռնարկեց, և այն վերածվեց լայնածավալ պատերազմի»,- աղբյուրը մեջբերել է ցույցի մասնակից Սիլվա Կովալենկոյի խոսքերը։

«Այստեղ ենք զոհված զինվորներին, նրանց ընտանիքներին ու առաջնագծում կանգնած զինվորներին աջակցություն ցույց տալու համար։ Մենք այստեղ ենք, մենք ձեր հենասյունն ենք»,- աղբյուրը մեջբերել է ցույցի մեկ այլ մասնակից Սամվել Ղազարյանի խոսքը։

Ֆրեզնոյում նմանատիպ միջոցառումներ են նախատեսվում անցկացնել ամբողջ շաբաթ: